
Սեմինարի մասին
ԱՐԺԵՔՆԵՐ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Nur Humanistic Studies-ի կողմից արդեն չորրորդ անգամ իրականացվող այս ինտենսիվ ծրագիրը նախատեսված է փորձառու ղեկավարների և կարծիքի առաջնորդների համար։ Այն մակերեսային բանավեճից տանում է դեպի ավելի խորը, համապարփակ ընկալում՝ ստեղծելով համախմբում և երկխոսություններ այն հիմնարար արժեքների շուրջ, որոնք պետք է ընկած լինեն էթիկական պատասխանատու առաջնորդության և բարգավաճ քաղաքացիական հասարակության հիմքում։
Յուրաքանչյուր սեմինարի մասնակցում է առավելագույնը 24 առաջնոորդ Հայաստանի տարբեր մարզերից և ոլորտներից՝ բիզնես, մեդիա, հանրային ծառայություն, քաղաքականություն, մշակույթ, գիտություն, արվեստ և այլ։ Արժեքների վրա հիմնված խիստ մոդերացվող քննարկումները մասնակիցներին մարտահրավեր են նետում՝ անդրադառնալու իրենց անձնական և մասնագիտական դերերին՝ որպես առաջնորդներ և փոփոխություններ իրականացնողներ։

ՄԵՐ ՄՈԴԵՐԱՏՈՐՆԵՐԸ


Նազարեթ Սեֆերյան
ԿՍՊ/CSR (կորպորատիվ սոցիալական պատասխանատվության) և կայուն զարգացման փորձագետ է՝ ոլորտում ավելի քան 15 տարվա փորձով։ Աջակցել է ավելի քան 100 հասարակական կազմակերպությունների և գործել որպես անկախ խորհրդատու միջազգային հարթակներում։ Ունի դասավանդման մեծ փորձ ձեռնարկատիրական մտածողության և սոցիալական ազդեցության գնահատման ոլորտներում։ ESMT Berlin-ի Executive MBA աստիճանակիր է և Քեմբրիջի համալսարանի կայուն բիզնեսի հավաստագրված մասնագետ։
Վարդան Մարաշլյան
Ծնվել է Հայաստանում, սակայն ավելի քան 25 տարի բնակվել է Մոսկվայում։ 2010 թվականին վերադարձել է հայրենիք և զբաղեցրել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը։
2012 թվականից ղեկավարում է Repat Armenia (Դեպի Հայաստան) կազմակերպությունը, հանդիսանում է պետություն-սփյուռք փոխգործակցության հարցերով միջազգային փորձագետ։
Ունի փորձ նաև մասնավոր հատվածում ՝ բանկային գործի և անշարժ գույքի կառուցապատման (դեվելոփմենթի) ոլորտներում։

ՄԵՐ ՄԱՍԻՆ
Nur Humanistic Studies-ը հայկական հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է խթանել արժեքների վրա հիմնված առաջնորդությունը, էթիկան և երկխոսության մշակույթը հասարակության մեջ: Մենք հավատում ենք, որ փոփոխությունները սկսվում են անհատական անդրադարձից և խորքային հարցերի շուրջ բաց քննարկումներից:
ՄԵԹՈԴԻ ՄԱՍԻՆ
Սեմինարի հիմքում ընկած է Ասպեն ինստիտուտի (Aspen Institute) տասնամյակների փորձը և համաշխարհային ճանաչում ունեցող սոկրատեսյան մեթոդը*: Այս մեթոդաբանությունը Հայաստան է բերվել Ասպեն ինստիտուտի միջազգային սեմինարների հայազգի մասնակիցներ Վահե Մելիքյանի, Վարդան Մարաշլյանի, Սամվել Սահակյանի և Ալեքսանդր Լալայանի նախաձեռնությամբ։ Այն իրենից ներկայացնում է հատուկ ձևաչափ, որը հնարավորություն է տալիս առաջնորդներին անդրադառնալ մարդկային հիմնարար արժեքներին՝ կարդալով և քննարկելով դասական ու ժամանակակից տեքստեր: Այս գործընթացը դուրս է սովորական դասախոսական ձևաչափից. այստեղ չկան պատրաստի պատասխաններ, իսկ քննարկումներն ընթանում են փոխադարձ հարգանքի և բաց երկխոսության մթնոլորտում, որտեղ յուրաքանչյուրի կարծիքը հավասարապես կարևոր է: Մասնակիցները հնարավորություն են ստանում վերացարկվել առօրյա աշխատանքային վազքից, զարգացնել քննադատական մտածողությունը և ձևավորել վստահության վրա հիմնված ամուր կապեր տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ:











ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Ծրագիրն անցկացվելու է 2026թ․ նոյեմբերի 11–15-ը՝ ինտենսիվ ֆորմատով, Լոռու մարզի Concept Hotel by COAF հյուրանոցում։
Սեմինարի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց մինչև 2026թ. սեպտեմբերի 13՝ ժ. 23։59-ը։ Հայտերի դիտարկումը կամփոփվի և ընտրված մասնակիցները կհրավիրվեն առցանց տեղեկատվական հանդիպման մինչև սեպտեմբեր ամսվա ավարտը։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ի՞նչ է սոկրատեսյան մեթոդը
Սա երկխոսության ձևաչափ է, որտեղ չկան դասախոսություններ կամ պատրաստի պատասխաններ։ Մասնակիցները մոդերատորների ուղորդմամբ հավասարը հավասարի պես քննարկում են դասական և ժամանակակից մտածողների տեքստերը՝ բացահայտելով հումանիստական արժեքների խորքային հասկացությունները:
Ո՞վ կարող է դիմել
Ծրագրին կարող են դիմել 30-ից 65 տարեկան հասարակական ակտիվիստներ, կարծիքի առաջնորդներ, որոշում կայացնողներ և փոփոխություններ իրականացնողներ, որոնց թեկնածությունն առաջադրվել է նախորդ սեմինարի շրջանավարտի կողմից։
Ի՞նչ սկզբունքով են ընտրվում մասնակիցները
Խումբը ձևավորվում է մրցութային հիմունքներով՝ հաշվի առնելով թեկնածուի հանրային ակտիվությունը, առաջնորդության փորձը և նախորդ սեմինարների շրջանավարտների երաշխավորությունը։ Մեզ համար կարևոր է տարբեր ոլորտների (բիզնես, քաղաքաղաքականություն, մեդիա, մշակույթ, գիտություն) հավասարակշռված ներկայացվածությունը խմբում:
Որքա՞ն է սեմինարի մասնակցության վճարը
Մասնակցությունն ամբողջությամբ անվճար է: Սեմինարի բոլոր ծախսերը՝ ներառյալ կրթական նյութերը, կացությունը և սնունդը, հոգում են կազմակերպիչները։ Սակայն ցանկության դեպքում մասնակիցները կարող են սեմինարի ավարտից հետո կամավոր նվիրատվություն կատարել կազմակերպությանը։
